Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«ԵԶԴԻԱԿԱՆ ՏԱՌԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ»

«ԵԶԴԻԱԿԱՆ ՏԱՌԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ»
23.11.2010 | 00:00

«Եզդիական դասագրքերը ոչ թե հայ գրողների կողմից են կազմվել, այլ Հայաստանի տարածքում»,- ասում է ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների ղեկավար և հաղորդավար ՀԱՍԱՆ ԹԱՄՈՅԱՆԸ:
-Պարոն Թամոյան, «Իրատես de facto»-ի նախորդ համարում տպագրված «Ի՞նչ խնդիրներ ունեն ազգային փոքրամասնությունները» հրապարակումը որոշակի դժգոհության տեղիք է տվել: Կարո՞ղ եք կոնկրետացնել:
-Հոդվածում այսպիսի մի նախադասություն կար. «Եզդի ազգության համար Հայաստանում հայ գիտնականները կազմել են այբուբեն և ուսումնական ձեռնարկներ»: Դա այդպես չէ, քանի որ եզդիերեն այբուբենն ու ուսումնական ձեռնարկները, որոնք այսօր շրջանառության մեջ են և եզդի դպրոցականների սեղաններին, կազմել են երկու համահեղինակներ` Ազիզ Թամոյանն ու ես: Այլ հարց է, որ այդ գրքերի հրատարակման և լույսընծայման գործում աջակցություն է ցուցաբերել ՀՀ-ն, ինչը ժխտել չենք կարող: Հայաստանն ամբողջ աշխարհում միակ երկիրն է, որն օգնեց մեզ ունենալու 1-7-րդ դասարանների դպրոցական դասագրքեր, որոնցով այսօր սովորում են եզդի երեխաները:
-Ի՞նչ տառերով են այդ դասագրքերը:
-Դասագրքերը գրված են կիրիլյան և լատինական տառերով, բայց ասել, թե մենք` եզդիներս, չենք ունեցել մեր ազգային տառերը, ճիշտ չի լինի: Մենք ունեցել ենք մեր այբուբենը` կազմված 33 տառից։ Ցավոք, պատմությունն ստիպեց մեր ժողովրդին օտարանալու իր տառերից, որոնք այսօր շրջանառության մեջ չեն, բայց աշխատանք է տարվում, որ եզդիական տառերը երկրորդ կյանք ապրեն և ընթերցվեն մեր ժողովրդի կողմից: Առաջին դպրոցական դասագիրքը, որը հատուկ եզդի դպրոցականների համար է, լույս է տեսել 2005-ին` դարձյալ իմ և Ազիզ Թամոյանի համահեղինակությամբ: Այս տարի մենք երկու դպրոցական դասագիրք հրատարակեցինք 6-7-րդ դասարանների համար` ՀՀ ԿԳ նախարարության համաձայնությամբ: Այդ գրքերից բացի, մենք ունենք նաև գեղարվեստական գրքեր: ՈՒզում եմ ընդգծել` եթե չլիներ հայ ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը, այդ գրքերն այսօր չէին լինի: Նույնը կարող եմ ասել Հանրային ռադիոյով 30 րոպեից ավելի տևողությամբ եզդիերեն ծրագրերի և «Էզդիխանա» թերթի տպագրման առնչությամբ: Մենք աշխարհի ոչ մի այլ երկրում չունենք մեր մայրենի լեզվով հաղորդումներ վարելու հնարավորություն: Այսինքն` մեր բնօրրանում, որը Իրաքի հյուսիսային մասն է, չունենք այն, ինչ ունենք այստեղ: Այնպես որ, եզդիական կյանքը, եզդիների ազգային դիմագիծը պահպանելու հնարավորությունները միայն Հայաստանում են:
-Հայաստանում շա՞տ են այն դպրոցները, որտեղ եզդիերեն է դասավանդվում:
-Եզդիերեն գրականություն անցնում են այն դպրոցներում, որտեղ կա եզդի դպրոցականների համապատասխան թիվ: Նման դպրոցներ կան Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում: Այսօրվա դրությամբ երկու տասնյակից ավելի գյուղական բնակավայրերում դասավանդվում են եզդիերեն լեզու և գրականություն: Երևանում չկա, ցավոք, թեև եզդի բնակչությունն այստեղ ավելի շատ է, բայց ցրված:
-Եզդիական համայնքի ամենալուրջ խնդիրը ո՞րն է:
-Ամենամեծ խնդիրը դպրոցներում մասնագիտական կրթությամբ կադրերի պակասն է: Այն ուսուցիչները, ովքեր դասավանդում են մեր լեզուն և գրականությունը, մեծ մասամբ չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, էլ չեմ ասում, որ չունեն բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն: Նրանք միայն կարողանում են երեխային մայրենի լեզվով գրել-կարդալ սովորեցնել: Հայաստանի իշխանությունները, հատկապես պատկան մարմինները մեզ այդ հարցում աջակցում են, օգնում ունենալու համապատասխան մասնագետներ։ Հուսով եմ, որ այսօրվա դպրոցականները մի քանի տարի հետո կավարտեն դպրոցը, կստանան մասնագիտական կրթություն և կշարունակեն այսօրվա ուսուցչի գործը:
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-եզդիական հարաբերությունները:
-Հայաստանում ստեղծվել են հայ-եզդիական այնպիսի հարաբերություններ, որ աշխարհի ոչ մի երկրում չկան: Վերջին մարդահամարի տվյալներով` Հայաստանում արձանագրվել է եզդիների զգալի պակաս: Նրանք արտագաղթեցին Հայաստանից: Պատճառը տնտեսական դժվարություններն էին: Սակայն կա մի ճշմարտություն. Հայաստանից դուրս եզդիները կորցնում են իրենց ազգային նկարագիրը, որովհետև չկան դպրոցներ, չկան դասագրքեր և ազգապահպանման տարբեր գործոններ: Միգուցե նրանց հաջողվում է բարելավել իրենց նյութական վիճակը, բայց ազգային նկարագիրը կորցնում են: Իսկ Հայաստանը եզդիականության, եզդիների պահպանման համար ամենապարարտ միջավայրն է։ Մենք` եզդիներս, այս երկրի իրավահավասար քաղաքացիներն ենք և ապրում ենք նրա ուրախություններով ու դժվարություններով:
Զրույցը` Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 10092

Մեկնաբանություններ